«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

«Մատյան Գոյության»․ մարդու և ազգի երկխոսությունը Ժամանակի ու Հավերժության հետ

«Մատյան Գոյության»․ մարդու և ազգի երկխոսությունը Ժամանակի ու Հավերժության հետ
19.02.2026 | 15:29

(եթե միտքը չի հանձնվել, հայրենիքը կորսված չէ)

Պատահական ոչինչ չկա այս հին ու բարի արևի տակ։ Ամեն բառ ու միտք, ամեն իրադարձություն ու արարք իրենց խորհուրդն ունեն, ինչը կարդալն ու հասկանալն է դժվար։

Հաճախ դարեր առաջ հնչած մի աղաղակ՝

«Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ» (Ծննդոց, 4, 10)

կամ «ուղեղը շամփրած» գաղափարն է դառնում այն բանալին, որով բացվում-ընթերցվում է ներկայի բարդ իրականությունը։

Իզուր չի ասում Գիրք Գրոցը՝ մինչ օրս Աբելի արյունը խոսում է Տիեզերքում։

«Խոսում» է Աբելի բողոքին միացած առաջին ցեղասպանության արյունը ևս։

ՈՒ պատահական չէ, որ Տիեզերքին ցավ պատճառող աղաղակն այդ այսօր դրսևորվում է թվերի ու տնտեսական ցուցանիշների լեզվով։

Թուրքիայի համար 2026-ը դառնում է այն ջրբաժանը, որտեղ կայսերական հավակնությունները բախվում են դաժան իրականությանը։

Երբ երկրի բյուջեի կեսից ավելին գոյություն չունի, երբ պետական գանձարանը դառնում է ընդամենը վարկային պարտավորությունների սպասարկման գործիք, «հզոր տերության» դիմակը սկսում է ճաք տալ։

Իսկ Աբելը «խոսում» է ավելի բարձր, լուրջ մտահոգություն պատճառելով Կայենին։

Թուրքական տնտեսությունը հաստատուն քայլերով «շտապում» է դեպի փլուզում։

Փրկվելու ճիգերը, թերևս, զուր են։

Չի կրկնվի Լենին-Քեմալ այն «համագործակցությունը», երբ

1920-ականներին՝ «համաշխարհային հեղափոխության» և Արևմուտքի դեմ պայքարի համատեքստում, բոլշևիկյան Ռուսաստանը ոսկի ու զենք տրամադրեց Քեմալին՝ փրկելով նրան լիակատար կործանումից՝ Սևրի դաշնագրի իրագործումից։

Նախորդ դարի օրինակով այլևս չկա մի նոր՝ օգնության ձեռք մեկնող Լենին։

ՈՒ չի՛ էլ լինի։

Թուրքիայի հետ արդեն «խոսում» է Աստված։ Իսկ երբ հնչում է Արդարադատ Ձայնը՝ բոլորը լվանում են ձեռքերն ու մի կողմ քաշվում։

Որովհետև Աբելի այրունն արդեն ոչ թե խոսում է, այլ արդար հատուցում պահանջում։

Ասվածը բերենք ֆիզիկական աշխարհի թվային հուն։

Վերջին ժամանակներս տարբեր փորձագետ-վերլուծաբաններ, այդ թվում և հայ, փաստում են՝ մեր գենետիկ թշնամի երկիրը կանգնած է դեֆոլտի նախաշեմին։

2026 թվականի պետբյուջեն բացահայտում է՝ Թուրքիան հաստատուն քայլերով մտնում է ֆիսկալ ճգնաժամի փուլ։

Պաշտոնական տվյալներով՝ բյուջեի պակասորդը կազմում է –54,1 տոկոս։

Սա սովորական դեֆիցիտ չէ, այլ ֆինանսական փլուզման նախանշան։

Ինչպես պնդում են մասնագետները՝ վաղը մյուս օրը Թուրքիան այլևս ի վիճակի չի լինելու պահել իր բազմամիլիոնանոց բանակը։

Եվ ինչ՝ դարձ ի շրջանս յու՞ր։

Այս արևի տակ ոչինչ բացառված չէ։

Առավել ևս, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

Գուցե և ամենևին էլ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան «խրոխտ» քայլերով մուտք կգործի քեմալական ժամանակներ։

Չի բացառվում։

Հատկապես եթե օտարալեզու, այդ թվում և թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկենք որպես հիմք, անվարան կարող ենք եզրակացնել՝ այսօրվա Թուրքիան շատ նման է 19-րդ դարավերջի ու 20-րդի սկզբի Օսմանյան կայսրությանը՝ «Եվրոպայի հիվանդ մարդուն»։

Նախորդ դարում էլ արտաքին փայլն ու բռնակալական հոխորտանքը թաքցնում էին ներքին բորբոսն ու փտածությունը։

Բայց եթե այն ժամանակ մենք պատրաստ չէինք այդ փլուզմանը և դարձանք զոհ, ապա այսօր «Գոյության Մատյանի» բացված էջերը մեզ հուշում են՝ պատրաստվե՛ք վերադարձի։

Այս անգամ, թերևս, պատմության կրկնությունը ոչ թե պատիժ է, այլ հնարավորություն՝ սրբագրելու անցյալի սխալները։

Երբ Էրդողանի «նեոօսմանիզմը» վերջնականապես բախվի ֆիսկալ անդունդին, քեմալական Թուրքիայի նեղ սահմանների ու ներքին քաոսի վերադարձը կդառնա այն իրականությունը, որտեղ հայկական գործոնը պետք է լինի ոչ թե դիտորդ, այլ թելադրող։

Բայց ինչպե՞ս։

Թեկուզ և, թոթափելով կույր դիտորդի կարգավիճակը։

Երբ սկսեն փլվել նյութական աշխարհի «դեկորացիաները», մենք պետք է լինենք այնքան սթափ և հոգեպես զորեղ, որպեսզի կարողանանք տիեզերական դաշտում գոյություն ունեցող մեր Ոգեղեն Հայրենիքը վերստին նյութականացնել երկրի վրա։

Վերադարձը նախ և առաջ ենթադրում է մեր ներքին սահմանների վերականգնում։

Պահանջում է հոգևոր և մտավոր պատրաստություն՝ անհրաժեշտաբար թոթափելու «պարտվածի» և «զոհի» բարդույթը։

Նախքան հողին վերադառնալը, պարտավոր ենք վերագտնել ներքին թշնամու ձեռքով մորթվող-ջնջվող մեր ինքնությունը։

Պատրաստվել՝ նշանակում է կառուցել այնպիսի պետական և ազգային համակարգեր, որոնք հիմնված լինեն ոչ թե օրվա շահի, այլ հավերժական արժեքների վրա։

Երբ թշնամին փլուզվում է իր ներքին դատարկությունից, մենք պետք է լինենք այն «ինքնաբուխ» էներգիան, որը պատրաստ է լցնելու պատմական վակուումը։

Պատրաստվել՝ նշանակում է տիրապետել ժամանակակից գիտությանը, ռազմարվեստին և տնտեսական լծակներին, բայց դրանք ծառայեցնել Ոգու թելադրանքին։

Ֆիսկալ ճգնաժամի փուլում հայտնված թշնամին տկարանում է նյութապես, մենք պետք է զորանանք բարոյապես և մտավորապես։

Վերադարձը ենթադրում է, որ մենք արդեն այսօր մեր մտքում և սրտում պետք է տիրապետենք այն ամենին, ինչը մեզնից խլել են ֆիզիկապես։

Որովհետև Տիեզերքը հողը վերադարձնում է միայն նրանց, ովքեր պատրաստ են այդ հողի վրա վերստին կառուցելու Սրբության և Արդարության տաճարը։

Իսկ մե՞նք։

Մինչ բռնապետիկների ծնած կառավարվող քաոսում փորձում ենք վերագտնել մեր հոգևոր սթափությունը, աշխարհաքաղաքական հորիզոնում արդեն նկատելի են այն տեկտոնական շարժերը, որոնք կարող են փոխել ամեն ինչ։

Թուրքիայում տիրող ներկա վիճակը, որի մասին, ի դեպ, զգուշացրել են նաև սուրբ հայրերը, ակամա հիշեցրեց մի զրույց ծանոթներիցս մեկի հետ։

«Թուրքիան ու Ադրբեջանն այսօր կան ընդամենը ֆիզիկական քարտեզի վրա։ Եվ հայերիս հաշվին դեռ շարունակում են ընդլայնել իրենց տարածքները։ Բայց այդ ամենը ժամանակավոր է։ Տիեզերական Մատյանի՝ «Գոյության Գրքի» էջերից նրանք վաղուց են ջնջվել։ Վերևում նրանք այլևս չկան»։

Երեք տարվա վաղեմության զրույցից մեջբերված այս տողերըը պարզապես սփոփանք չեն, այլ Տիեզերական Արդարադատության հստակ բանաձևում։

Բարձրագույն Բանականության տեսանկյունից գոյությունը չափվում է ոչ թե հողի քառակուսի կիլոմետրերով, այլ իմաստով և էներգիայով։

Այն, ինչ այսօր կոչվում է Թուրքիա կամ Ադրբեջան, այն տարածքները, որոնք փորձում են մեզնից խլել, Բարձրագույնի մոտ ընդամենը ժամանակավոր «դեկորացիաներ» են։

Դրանք նյութական են, ուստի՝ մահկանացու և ենթակա փոշիացման։

Իսկ Արևմտյան Հայաստանը, Արցախը, ընդհանրապես Չարենցի Նաիրին, որպես Ոգու և Մշակույթի հզորագույն էներգետիկ կենտրոններ, արդեն իսկ կերտված են տիեզերական անխախտելի դաշտում։

Այն, ինչ կա Տիեզերքում, երբեք չի կարող «ավարտվել»։

Իրոք, կան պետություններ և ուժեր, որոնք ֆիզիկապես հզոր են թվում, բայց հոգևոր առումով արդեն «դատարկված» են։

Նրանք չունեն ապագա Բարձրագույն Գիտակցության մեջ, որովհետև նրանց գոյությունը հիմնված է բացառապես ուրիշինը խլելու և ոչնչացնելու վրա։ Իսկ ոչնչացնողը չի կարող ստեղծել հավերժություն։

Այո, նրանք դեռ կան ֆիզիկական քարտեզի վրա, բայց «Գոյության Գրքում» նրանց էջն արդեն դեղնել ու փոշիացել է։

Մինչդեռ այսօրվա «իշխանիկները» հանրությանը փորձում են համոզել հակառակը։

Նրանք ուզում են, որ մենք հավատանք ստվարաթղթից ձևված և այսուայնտեղ թափահարվող ծիծաղելի խզբզանքին ու անտեսենք Տիեզերքը։

Նրանք ուզում են մեզ դարձնել նույնքան «ավարտված», որքան իրենք են ու իրենց տերերը։

Բա՞յց․․․

(շարունակությունը՝ հաջորդիվ)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ